Other Աղքատության խորխորատը … կամ արի վարկ տամ

Աղքատության խորխորատը … կամ արի վարկ տամ

July 23, 2018

Ավտոմեքենայի մեջ եմ: «Լռված» երևանյան հավերժ թվացող խցանման մեջ: Անջատված ուղեղով փոխում եմ ռադիոընդունիչի ալիքները: Բոլոր ալիքներով «դյութիչ» ձայնով կանայք ու տղամարդիկ վարկ են գովազդում: Վարկեր տարբեր տեսակի: Վարկեր ամեն ինչի համար: Վարկեր ուսման: Վարկեր ամուսնության: Բնակարան ձեռք բերելու վարկեր: Վարկեր երջանկության: Գովազդվող վարկերը բոլորն էլ «աննախադեպ» ցածր տոկոսներով են: Լինում են առանց թաքնված վճարների: Կամ առանց գրավի: Կամ էլ առանց աշխատավարձի մասին տեղեկանքի: 

Մտածում եմ. Նիկոլը վերջերս օրենք տարավ խորհրդարան, որը հնարավորություն տվեց բանկերին «ներել» նախկինում վերցված վարկերի նկատմամբ տարիներ շարունակ հաշվարկված, խոշորացած, մարդկանց ստրկացրած տուգանքներն ու տույժերը, իսկ միջին վիճակագրական գյուղացիներն ու քաղաքացիները շարունակվում են ռմբակոծվել պարտք վերցնելը քաջալերող գովազդներով: Զզվելի է: Ջղայն մի շարժումով անջատեցի ավտոմեքենայի ռադիոընդունիչը: Գովազդի ձայնը կտրելն ու «messenger»-իս ծնգոցը միաժամանակ եղավ: Իրավաբան ընկերներիցս մեկն էր: Գրում է. «Ապեր, կարա՞ ֆինանսական կազմակերպությունը գործակալներ ունենա, որոնք տարբեր խանութներում ու այլ «տոչկեքում» վարկ ստանալու դիմումներ ընդունեն»: Պատասխանում եմ կարճ ու չոր. «Չի կարա»: Գալիս է պատասխանը. «Ինչու՞: Ինչո՞վ ա արգելված»: Երկրորդ պատասախանս ավելի չոր է ու մի քիչ էլ երևի կոպիտ. «Չի թույլատրվում, բայց երկուշաբթի օրվանից նենց կանեմ «վապշե» կարգելվի»: 

Փաստորեն պրծում չունեմ: Պրծում այս իրավիճակում չունեն երևի այն համերկրացիներս, որոնց ամեն օրն ու ամեն ժամը հեղեղվում է վարկեր վերցնելու, պարտքի տակ մտնելու, ինչպես հայտնի գովազդում է ասում «էրեխու բերանից կտրելու ու տանելու բանկի տիրոջ էրեխու բերանը դնելու» հորդորներով: Իրականում սակայն պրծում կա: Խնայելն է: 

Ճիշտ հասկացեք: Ես ամենևին դեմ չեմ, որ մարդիկ վարկ վերցնեն ու վարկատուներն էլ ֆինանսավորեն: Հակառակը: Վարկավորումը արդի աշխարհում բազմաթիվ հարցեր է լուծում: Իրականում ի՞նչ է վարկը: Այն ապագայի եկամուտներդ այսօր ծախսելու գործարքն է: Մարդկությունը հնարել է «պատասխանատու վարկավորում» (responsible lending) հասկացությունը: Դա այն վարքագիծն է, որը վարկատուները պետք է դրսևորեն մարդկանց վարկ տրամադրելիս: Ի վերջո տեսանք թե ինչ եղավ աշխարհում 2008 թվականին` տասնամյակներ շարունակ անպատասխանատու վարկավորման վարքագծի պատճառով: Ֆինանսական գլոբալ ճգնաժամի արդյունքները ցայսօր զգում ենք ու ոչ միայն տնտեսության մեջ: Այլ նաև համաշխարհային ու լոկալ քաղաքականության: 

Պատասխանատու վարկավորումը ոչ միայն կիրառելի է վարկատուների համար, այլ նաև վարկավորվողների: Կա բթամատի կանոն (rule of thumb). վարկային պարտավորություններիդ հանրագումարը չպետք է գերազանցի տարեկան եկամուտիդ եռապատիկը: Կամ, կարող եք հաշվել այսպես. վարկային պարտավորություններիդ հանրագումարի ամսեկան մարումը չպետք է գերազանցի ամսեկան եկամուտիդ 50%-ը: Կենտրոնական բանկի https://www.abcfinance.am/credit.html կայքում կան վարկային պարտավորությունները կառավարելու մասին բազում օգտակար խորհուրդներ:

Գալով խնայելուն: Կան խնայող ազգեր (օրինակ` չինացիները) ու կան ծախսող ազգեր (օրինակ` ամերիկացիները): Հայ ազգը ցավոք վերջին խմբում է: Գիտեմ, կարդացողներից շատերը հիմա մտքում նվնվում են, ասելով. «ո՞նց խնայենք էսքան դարդ ու ցավի մեջ»: Ոմանք նույնիսկ կպնդեն. «հիմա ցածր աշխատավարձ եմ ստանում: Չեմ կարող խնայել: Աշխատավարձս երբ բարձրանա, կսկսեմ խնայել»: Սխալ ռազմավարություն: Որքան շուտ սկսի մարդ խնայել (անկախ գումարի չափից)` այնքան մեծ հարստություն կկուտակի: Սա ապացուցելու համար վերցրեցի մի քանի թիվ ու ենթադրություն և կատարեցի հետևյալ վարժությունը:

Ենթադրենք ունեք երեք քաղաքացիներ, որոնք կարդում են այս հոդվածն ու որոշում հենց այսօրվանից (լավ, վաղվանից) խնայել: 20 տարեկան Արուսյակը (տատիկիս անունն էր :)), 40 տարեկան Պողոսը (օրինակներում շատ են օգտագործում) ու 50 տարեկան Պետրոսը (եթե Պողոս կա ուրեմն Պետրոս էլ պետք է լինի):

Արուսյակը սկսում է խնայել հիմա` 20 տարեկանում, ամսեկան 10 000 դրամ` յուրաքանչյուր հաջորդ տարի իր ամսեկան խնայողություններն աճեցնելով նախորդ տարվա համեմատ 5 տոկոսով (առաջին տարին ամսեկան 10 000 դրամ, երկրորդ տարին ամսեկան 10 500 դրամ ու այդպես շարունակ):

Պողոսը սկսում է խնայել հիմա` 40 տարեկանում, ամսեկան 20 000 դրամ` յուրաքանչյուր հաջորդ տարի իր ամսեկան խնայողություններն աճեցնելով նախորդ տարվա համեմատ 5 տոկոսով (առաջին տարին ամսեկան 20 000 դրամ, երկրորդ տարին ամսեկան 21 000 դրամ ու այդպես շարունակ):

 Պետրոսը սկսում է խնայել հիմա` 50 տարեկանում, ամսեկան 40 000 դրամ` յուրաքանչյուր հաջորդ տարի իր ամսեկան խնայողություններն աճեցնելով նախորդ տարվա համեմատ 5 տոկոսով (առաջին տարին ամսեկան 40 000 դրամ, երկրորդ տարին ամսեկան 42 000 դրամ ու այդպես շարունակ):

Ենթադրենք մեր երեք խնայողներն էլ իրենց խնայողության ամբողջ ընթացքում վաստակում են տարեկան 8% եկամուտ: Ի՞նչ պատկեր ենք ունենալու երբ յուրաքանչյուրը դառնա 60 տարեկան:

Պետրոսը 60 տարեկանում կունենա 8,914,969 դրամ (10 տարվա խնայողություն), Պողոսը` 17,154,784 (20 տարվա խնայողություն), իսկ մեր հեռատես Արուսյակը` 65,017,492 (40 տարվա խնայողություն): Ու այստեղ Պողոսն ու Պետրոսը նախանձից (ոչ բարի) ուշաթափվում են 🙂  

Ահա և գծապատկերը.

Ի միջայլոց excell-ը կարող եմ ցանկացողներին տալ: Թվերը կարող եք փոխել, էքսպերիմենտներ անել: Պատկերը որպես կանոն նմանատիպ է լինելու:   

Արուսյակը խելացի է: Արուսյակը հեռատես է: Եղե՛ք Արուսյակի պես: Չխնայելն ու վարկավորմամբ ապրելը մրցավազք է դեպի աղքատության ստորոտ ու ցավոք ոչ միայն անհատապես, այլ նաև համազգային մակարդակով:

Հեղինակ՝ Varoujan Avedikian