Other Բացել դեպի բիզնես կենսաթոշակային ֆոնդերի փողերի մուտքը: Բանալին կա:

Բացել դեպի բիզնես կենսաթոշակային ֆոնդերի փողերի մուտքը: Բանալին կա:

June 12, 2018

Ընկերներիցս շատերը տալիս են տրամաբանական ու արդիական հարց, թե ինչպես անենք, որ կենսաթոշակային ֆոնդերի «երկար փողերը» հայտնվեն տնտեսության մեջ: Հարցի պատասխանը բաժանեմ երկու մասի:

Դրանց մեծ մասն այսօր էլ տնտեսության մեջ են: Բացատրեմ: Պետք է հասկանանք, որ փողը տնտեսության մեջ է դրվում կամ ուղղակի և կամ էլ անուղղակի:

Կենսաթոշակային ֆոնդերի փողերն այսօր Հայաստանի տնտեսության մեջ են հայտնվել անուղղակի: Մասնավորապես 50 միլիարդ դրամից ավել գումար է ուղղվել բանկային ավանդների, կորպորատիվ պարտատոմսերի ու հիփոթեքային պարտատոմսերի միջոցով: Հստակեցնեմ: Երբ ֆոնդի կառավարիչը գնում է «Ազգային հիփոթեքային ընկերության» թողարկած հիփոթեքային պարտատոմսը, այդ պարտատոմսի դիմած վճարված գումարն ուղղվում է այս կամ այն քաղաքացու հիփոթեքային վարկին, ով շինարարից կամ վերավաճառողից բնակարան կամ այլ անշարժ գույք է գնում: Սա հենց տնտեսության ֆինանսավորում է: Կամ, երբ ֆոնդի կառավարիչը բանկում ավանդ է ներդնում, բանկն իր հերթին այդ ավանդը ներդնում է սպառողական, բիզնես, գյուղատնտեսական և հիփոթեքային վարկերում, որոնք տրվում են մեր քաղաքացիներին ու բիզնեսներին: Կրկին: Սա հենց տնտեսության ֆինանսավորում է: Տնտեսության մեջ վերջին 4 տարիների ընթացքում կենսաթոշակային ֆոնդերի կատարած անուղղակի ներդրումների շնորհիվ նաև(ոչ միայն) Հայաստանում միջին տոկոսը (փողի գինը) նվազել է 4%-ով (դրամային վարկերի համար միջին կշռվածով 3.7%, իսկ արտարժութային վարկերի համար միջին կշռվածով 4.4%)` փողը դարձնելով համեմատաբար ավելի էժան:

Գայթակղվելով թեմայով ասեմ, որ ըստ որոշակի վարկատեսակների այս 4 տարիների ընթացքում տոկոսներն ընկել են հետևյալ կերպ (տոկոսները միջին կշռված են ու արտահայտում են ինչպես դրամային այնպես էլ դոլարային վարկերի տոկոսները).

Սպառողական վարկը 2014 թվին 19%, իսկ 2018-ին 13.9% (նվազումը 5.1%)

Հիփոթեքային վարկը 2014 թվին 12.5%, իսկ 2018-ին 10.5% (նվազումը 2%)

Բիզնես վարկը 2014 թվին 11.4%, իսկ 2018-ին 8.9% (նվազումը 2.5%)

Այսպիսով, եթե անձը 2014 թվականին բնակարան գնելու համար ստացել 25 միլիոն դրամ հիփոթեքային վարկ, ապա նույնը վարկը եթե հիմա (2018) ստանա, ապա վարկի կյանքի տևողության ընթացքում (հաշվարկված 20 տարով) նա կխնայի մոտ 8.3 միլիոն դրամ կամ տարեկան 415 000 դրամ: Այսպիսի ազդեցություն է թողնում ընդամենը 2%-ի նվազումը:

Հիմա անդրադառնանք այն դեպքին, երբ տնտեսությունը կենսաթոշակային ֆոնդերի միջոցով ֆինանսավորվում է ուղղակի: Ցավոք սա դեռևս Հայաստանում տեղի չի ունենում: Չեմ ասի ինչու: Պատճառները շատ են, բայց կասեմ թե ինչ պետք է անել, որ կենսաթոշակային ֆոնդերի փողերը մեր տնտեսության մեջ հայտնվեն նաև անուղղակի:

Որպես կանոն փողը կենսաթոշակային ֆոնդի կողմից ներդրվում է բիզնեսում կամ հրապարակայնորեն վաճառվող (բանալի երկու բառ) բաժնետոմսերի կամ պարտատոմսերի միջոցով: Կա նաև երրորդ, մեկ այլ այնպիսի ներդրումային ֆոնդի միջոցով ներդրումը, որն ինքն է գնել բիզնեսի թողարկած և հրապարակայնորեն վաճառվող պարտատոմսը կամ բաժնետոմսը: Սակայն այս երրորդ եղանակի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Հիմա հարց. ինչու՞ է ավելի նպատակահարմար, որ կենսաթոշակային ֆոնդը բիզնեսում ներդրումն անի հրապարակայնորեն վաճառվող պարտատոմսի կամ բաժնետոմսի միջոցով: Հարցին հարցով պատասխանեմ (առայժմ): Դուք Ձեր անձնական փողը կներդնեի՞ք այնպիսի բիզնեսում որի սեփականատերերին չեք ճանաչում, չգիտեք բիզնեսը որքան եկամուտ է վաստակում, որքան հարկ է տալիս, ինչ խնդիրներ ունի, առաջիկա մի քանի տարիների համար ինչ ծրագրեր ունի, իր դեմ կամ իր կողմից ինչ դատական պրոցեսների մեջ է և այլն (հարցերի շարքը կարելի է շարունակել): Է, կենսաթոշակային ֆոնդերի փողերն էլ Ձերն են: Ի՞նչ տարբերություն: Ավելին, դրանց վերադարձը ճշգրտված գնաճով պետությունը ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է (կարդալ մենք բոլորս): Դրա համար էլ շատ կարևոր է, որ այն բիզնեսները, որոնք ակնկալում են կենսաթոշակային ֆոնդերի փողերը (կարդալ մեր բոլորի) ստանալ որպես ներդրում, պետք է իրենց մասին տեղեկատվությունը դարձնեն հրապարակային ու հասանելի: Բիզնես տեղակատվությունը հրապարակային ու հասանելի դարձնելու հիմնական ձևը արժեթղթերի շուկայում բաժնետոմսեր ու պարտատոմսեր թողարկելով է, որով թողարկող բիզնեսն ըստ էության իր ներդրողներին ասում է. «Սիրելի ներդրողներ, ձեր ցավը տանեմ, մենք բաց ու թափանցիկ ենք ձեր` հանրության համար: Ձեզանից չենք պահում որևե գաղտնիք, որը դուք պետք է իմանաք, որպեսզի տեղեկացված որոշում կայացնենք մեր մոտ ներդնեք թե ոչ: Բացի այդ, եթե որևե ժամանակ ձեզ ինչ որ բան դուր չգա, ապա դուք կարող եք ազատորեն դուրս գալ մեր բիզնեսից` ազատ շուկայում վաճառելով ձեր բաժնետոմսերը կամ պարտատոմսերը»: Պարզ ու կոնկրետ:

Հիմա: Խոսենք նրա մասին թե ինչ անել, որ հայաստանյան բիզնեսները, ինչու չէ նաև օտարերկրյա բիզնեսները Հայաստանում թողարկեն հրապարակային արժեթղթեր: Ասեմ նաև, որ սպասարկող ենթակառուցվածքը հիմնականում առկա է ու որակով էլ առաջնակարգ: Այդ ճանապարհը սակայն պետք է հիշել, որ երկկողմանի է ու անհրաժեշտ է ինչպես պետական մարմինների այնպես էլ բիզնեսի համատեղ, ծանր, նպատակասլաց ու քաջ աշխատանքը` զերծ որևե նախապաշարումներից ու ցավագին զգացումներից:

  1. Կորպորատիվ, բիզնես, հարկային օրենսդրության հիմնովին փոփոխում ու դրա համապատասխանեցում անգլիական իրավունքին: Ոլորտի ֆինանսական օրենսդրությունը տարիներ առաջ փոխվել է ու հիմնականում համատասխանեցվել ԵՄ դիրեկտիվների (աշխատանք կա դեռվս սակայն):
  2. Մասնագիտացված ու անկախ դատարանի ստեղծում, որում դատավոր կաշխատեն անգլիական իրավունքի մասնագետներ` զինված դատական փորձով (կարճ ճանապարհը անգլիացի դատավորներ ներմուծելն է):
  3. Իսկական կորպորատիվ կառավարման մշակույթի ու կանոնների ներդրում, որոնք կարող են իրացվել իսկապես անկախ տնօրենների (independent directors) առկայությամբ:
  4. Պետական և ենթակառուցվածքային ձեռնարկությունների գոնե մի մասի հանրայնացմամբ (public offering):
  5. Պետական-մասնավոր համագործակցության հիման վրա ներդրումային ֆոնդի ձևավորմամբ, որը հրապարակայնորեն կթողարկի արժեթղթեր և դրանցից ստացված միջոցներով մասնավոր ներդրումներ կանի ավելի փոքր ձեռնարկություններում, որոնք դեռևս պատրաստ չեն հրապարակային թողարկումներ անել, սակայն այդ ճանապարհին են:
  6. Երեքից հինգ տարվա ընթացքում գոնե 100 MBA-ների կրթում ամերիկյան ու անգլիական լավագույն բիզնես դպրոցներում, որոնք ոչ միայն պարտավոր կլինեն վերադառնալ Հայաստան ու աշխատել հայկական շուկայում, այլև կդասավանդեն հայկական ԲՈՒՀ-երում:

Գիտեմ հարցեր է ծնում գրածս: Գիտեմ ցանկը կարելի է շարունակել: Գիտեմ հեշտ չէ գրածս իրականացնելը: Իսկ ո՞վ ասեց, որ հեշտ է տնտեսությունը ներդրումների համար բացելը:

Նյութի Հեղինակ՝ Varoujan Avedikian