Career Ինչպե՞ս ճիշտ համատեղել կարիերան և ընտանիքը

Ինչպե՞ս ճիշտ համատեղել կարիերան և ընտանիքը

March 28, 2018

Կանանցից շատերի կյանքում գալիս է մի օր, երբ նա կանգնում է դժվար ընտրության առաջ՝ կարիերա, թե՞ ընտանիք: Իհարկե, կան կանայք, ովքեր կարողանում են համատեղել և՛ մեկը, և՛ մյուսը, սակայն թե որքանով է դա նրանց մոտ ստացվում կամ արդյո՞ք կարիերայում հաջողության հասնելու ընթացքում ընտանիքը չի տուժում և հակառակը, դժվար է ասել: Այդ իսկ պատճառով նախքան կարևոր որոշում կայացնելը պետք է լավ մտածել բոլոր պլյուսների ու մինուսների մասին՝ փորձելով գտնել ոսկե միջինը: Ի՞նչն եք պատրաստ զոհաբերել՝ ընտանի՞քը, թե՞ կարիերան: Հենց այս հարցի պատասխանն էլ կօգնի Ձեզ ճիշտ որոշում կայացնել:

Այսօր ավելի ու ավելի շատ կանայք են ցանկանում իրենց դրսևորել մասնագիտական դաշտում, զբաղվել կարիերայով և կայանալ որպես առաջատար մասնագետ: Եթե նախկինում այդ միտումը նկատվում էր 40-ն անց կանանց շրջանում, ապա այսօր երիտասարդ աղջիկները, ովքեր նոր են ավարտել ԲՈՒՀ-ը կամ քոլեջը, ցանկանում են կարիերա ստեղծել: Բայց երբեմն, հասնելով կարիերայի բարձունքներին կամ հիասթափվելով աշխատանքից, հասկանում են, որ միայնակ են:  Որպեսզի ճիշտ ընտրություն կատարել և խուսափել միայնությունից, պետք է ի սկզբանե առաջնահերթություն սահմանել, քանի որ կինը, ով ամբողջովին իրեն նվիրում է կարիերային, պարզապես ժամանակ չի ունենում անձնական կյանքի համար:

Զբաղվել կարիերայով

Հարցումների համաձայն՝ 40-ամյա կանանց մեծամասնությունն սկսում է ափսոսալ, որ ընտրել է կարիերան: Եթե երիտասարդ աղջիկն ամուսնանում է, բայց չի ցանկանում հրաժարվել կարիերայից, ապա նա ակնկալում է ամուսնու աջակցությունը, հակառակ դեպքում նա պարզապես ստիպված կլինի հրաժարվել կա՛մ ընտանիքից, կա՛մ կարիերայից: Ստանալով ամուսնու աջակցությունը և չհրաժարվելով կարիերայից՝ կինը, ըստ իրակացված հետազոտությունների, չի կարող իր սերը, ուշադրությունն ու հոգատարությունն ամբողջությամբ նվիրել երեխաներին:  Արդյունքում երեխաները չեն ստանում անհրաժեշտ ջերմությունը, ինչն անմիջականորեն ազդում է նրանց զարգացման վրա, այն էլ՝ բացասական կերպով: Բացի այդ, միշտ չէ, որ կարիերան իրենից ներկայացնում է այն աշխատանքը, որը մեծ բավականություն ու հաճույք է պատճառում կնոջը: Այն հաճախ պարզապես օգնում է մարդուն՝ անկախ նրանից կին է, թե տղամարդ, զգալ սեփական արժեքն ու դերը հասարակության մեջ:

Զբաղվել կարիերայով

Աշխատանքը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուրի կյանքում, այն օգնում է մեզ ինքնադրսևորվել, ցույց տալ մեր բոլոր հնարավորությունները, զարգացնել լավագույն որակներն ու հմտությունները: Բայց դրանից բացի պետք չէ մոռանալ երջանիկ կին, սիրող մայր և հոգատար դուստր լինելու մասին: 

Հոգեբանները նշում են, որ կինը պետք է սովորի զգալ ինքն իրեն, հասկանալ, թե ինչ է ուզում, որպեսզի հետագայում չզղջա իր որոշումների համար: Իսկ այն կանանց, ովքեր ժամանակին ընտրել են կարիերան և դեռևս միայնակ են, հոգեբանները խորհուրդ են տալիս չհուսահատվել, քանի դեռ նրանց կյանքում չի հայտնվել այն արժանի տղամարդը՝ հանուն որի նա կթողնի կարիերան և կնվիրվի ընտանիքին:

Երբեմն, սակայն,  ոչ միայն կարիերա ստեղծելու ցանկությունն է ստիպում կնոջն աշխատել, այլև ընտանիքի կարիքները հոգալն ու ամուսնու բեռը մի փոքր թեթևացնելը: Այս իրավիճակում ընտրության հնարավորություն այլևս չկա. կինը պետք է սովորի համատեղել կարիերան ու ընտանիքը:

Ի վերջո, ինչպե՞ս համատեղել կարիերան ու ընտանիքը, որպեսզի չտուժի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Ամուսնու ու կնոջ միջև պարտականությունների բաշխումը կնվազեցնի կանանց ծանրաբեռնվածությունը տանը և հնարավորություն կտա վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով, եթե նա իսկապես ձգտում է դրան: Այնպես որ Ձեր ամուսնու հետ պայմանավորվեք, թե ով ինչի համար է պատասխանատու ընտանիքում:

Զբաղվել կարիերայով

Աշխատավայրում փորձեք այնպիսի պարտականություններ ստանձնել, որոնցից չեն տուժի ո՛չ տնային գործերը և ո՛չ էլ ընտանիքի անդամները: Ժամանակը ճիշտ տնօրինելու և պարտականությունները հավուր պատշաճի կատարելու դեպքում Ձեզնից գոհ կմնան թե՛ աշխատավայրում, թե՛ տանը: Կանոնակարգեք ձեր աշխատանքային դաշտն ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը, որպեսզի տնտեսեք ժամանակը և կարողանաք մի փոքր հանգստանալ կամ լիցքաթափվել: Աշխատանքը ձեզ հետ տուն մի բերեք և աշխատանքային խնդիրները մի քննարկեք երեկոյան: Ազատ ժամանակը և հանգստյան օրերը տրամադրեք միայն ընտանիքին: Սովորեք տարրանջատել տունն ու աշխատանքը:

Եթե դուք ավելի շատ եք վաստակում, քան Ձեր ամուսինը, և նա դժգոհ է ու անինքնավստահ, ապա փորձեք Ձեր ամուսնու համար ստեղծել մասնագիտական աճի պայմաններ և, իհարկե, այնպիսի մթնոլորտ, որը կստիպի նրան իրեն զգալ տան լիարժեք «ղեկավար» և առաջնորդող ուժ: Շատ ավելի լավ կլինի, եթե Դուք հավատացնեք նրան, որ միայն իր աջակցության, օգնության, բարի խորհուրդների ու հավատի շնորհիվ եք դուք հասել կարիերայի այդ վերելքներին: Նրան հաճախ հիշեցրեք, որ այդ հաջողությունները համատեղ աշխատանքի արդյունք են, և որ առանց նրա այդ հաջողությունները պարզապես չէին լինի:

Զբաղվել կարիերայով

Հնարավորինս շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: Նույնիսկ ամենահոգատար դայակներն ու թանկարժեք նվերները երբեք չեն կարող փոխարինել մորն ու նրա ջերմությանը, այնպես որ երեխաներին նվիրեք Ձեր ողջ ազատ ժամանակը, կազմակերպեք համատեղ հանգիստ, խաղացեք նրանց հետ, հետաքրքրվեք նրանց դասերով ու հոբբիներով:

Միշտ հիշեք, որ ամուսինը ևս Ձեր ուշադրության ու հոգատարության կարիքն ունի: Եթե Դուք ստիպված էիք նախորդ օրն ավելի շատ աշխատել, ապա այսօր ավելի շատ ժամանակ տրամադրեք նրան, կազմակերպեք ռոմանտիկ նախաճաշ կամ ընթրիք: Կարիերա կառուցեք ոչ թե ձեր աշխատանքային ժամանակի հաշվին, այլ ձեր պրոֆեսիոնալիզմի ու խորը գիտելիքների: