Self-Improvement Կնոջը հաջողության տանող քայլերը

Կնոջը հաջողության տանող քայլերը

March 28, 2018

Դեպի հաջողություն տանող ուղին հաճախ բարդ է ու անհարթ, ուստի պետք է պատրաստ լինել ընդունելու մարտահրավերներն ու համառորեն հաղթահարել դրանք: Ահա մի քանի կարևոր խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ հաջողության հասնելու ճանապարհին։

Նպատակներ սահմանեք:

Նախքան հաջողության ճանապարհի մեկնարկն սկսելը լավ կլինի ձեր առաջ նպատակ դնել: Հստակորեն սահմանելով նպատակները կարճ, միջին կամ երկար ժամանակահատվածի համար՝ դուք ավելի գիտակցված ու ուղղորդված կընթանաք դեպի դրանց իրականացումը:

Գրեք ձեր նպատակները թղթի վրա: Ունենալով տեսողական ակնարկ՝ անընդհատ հիշում ու ամրապնդում եք ձեր նպատակները: Օրինակ՝ «Իմ կարճաժամկետ նպատակն է գտնել լավ օգնական՝ գիտական աշխատանքն ավարտին հասցնելու համար: Իմ միջին տևողության նպատակն է որոնել և գտնել հետաքրքիր աշխատանք: Իմ երկարաժամկետ նպատակն է ամուսնանալ և ունենալ ընտանիք՝ միևնույն ժամանակ ինքնադրսևորվելով մասնագիտական դաշտում»:

հասնել հաջողության

Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում փոխվեն նպատակները: Այդ իսկ պատճառով պետք է ժամանակ առ ժամանակ վերանայեք դրանք, համոզվեք, որ ձեր նպատակներն իրատեսական են ու հասանելի: Ոչ իրատեսական նպատակները ոչ միայն ավելորդ հիասթափության պատճառ են դառնում, այլև կարող են խանգարել հասնել հաջողության:

Համոզված եղեք, որ ձեր անելիքների ցանկը և նպատակները երբեք չեն սպառվի, և դա հիանալի է: Երբ դուք հասնում եք ձեր նպատակներին, գիտակցաբար կամ անգիտակցաբար սկսում եք նոր նպատակներ սահմանել:

Եղեք ինքնավստահ և հավատացեք ձեր հաջողությանը: 

Հաջողակ մարդու երկու կարևոր հատկություններն են՝ վստահել ինքն իրեն և հավատալ իր հաջողությանը: Հենց սրանք են դեպի հաջողություն տանող ճանապարհի առաջին քայլերը:

Վստահությունը ձևավորվում է մի քանի գործոններից, այդ թվում՝ գիտակցել, որ ունեք լավ կրթություն և գիտելիքներ, լավ հարաբերություններ մարդկանց հետ, և անգամ այն, որ ունեք բարետես արտաքին: Եթե գիտակցում եք, որ չունեք բավարար վստահություն, ապա պետք է ձեռք բերել այն: Օրինակ՝ եթե դուք անինքնավստահ եք զգում այն պատճառով, որ ձեր ընկերներն ավելի հաջողակ են մասնագիտության մեջ, ապա աշխատեք ձեզ վրա, ձեռք բերեք ավելի խորը գիտելիքներ և ինքնակատարելագործվեք: Եթե կարծում եք՝ ձեր արտաքինն այնքան էլ գրավիչ չէ, ապա բարելավեք այն. փոխեք ոճը, մազերի գույնն ու սանրվածքը և այլն:

Կարևոր է գիտակցել, որ որքան էլ ինքնավստահ եք ու գրավիչ, այնուամենայնիվ, ձախողումը ևս հնարավոր արդյունք կարող է լինել: Սակայն, ինչպես գիտենք, հուսախաբությունն ու ձախողումը հաջողության հասնելու պարտադիր բաղադրիչներն են, քանի որ վերջիններս սովորելու ու կատարելագործվելու հնարավորություն են տալիս: Բազմաթիվ հաջողակ բիզնեսմեններ ու այլ ոլորտներում հայտնի մարդիկ հաջողության են հասել մի քանի անգամ ձախողվելուց հետո միայն: Այնպես որ, հիասթափվելու փոխարեն պետք է աշխատեք ինքներդ ձեզ վրա, զարգացնեք ձեր հմտությունները: 

հասնել հաջողության

Լավ հարաբերություններ հաստատեք մարդկանց հետ:

Եթե շրջապատված եք իսկական ընկերներով և լավ գործընկերներով, ովքեր ամեն րոպե պատրաստ են աջակցել ու օգնել ձեզ, ուրեմն կարելի է համարել, որ դուք զգալի առաջընթաց ունեք հաջողությանը հասնելու ճանապարհին: Առողջ հարաբերությունների հաստատումն իրենից ենթադրում է փոխադարձ աջակցություն ու սեր: Ի վերջո, օգտակար լինելու գիտակցումն արդեն իսկ բարձրացնում է ինքնագնահատականն ու ինքնավստահությունը:

Շնորհակալ լինելու զգացումը լավ հարաբերություններ կառուցելու բանալին է: Անչափ կարևոր է գնահատել այն մարդկանց, ովքեր օգնել ու դեռ օգնում են ձեզ հասնել հաջողության:

Հոգ տարեք ձեր ֆիզիկական ու մտավոր առողջության մասին: 

Դուք չեք կարող հասնել հաջողության, եթե չլինեք առողջ: Վարժությունները հիանալի միջոց են սթրեսը հաղթահարելու և միաժամանակ առողջ ապրելակերպ վարելու համար: Օրվա մեջ երկու անգամ կարճատև զբոսանքի գնալը թարմացնում է միտքն ու մարմինը: Այդ ժամանակահատվածը կարող եք օգտագործել ստեղծված խնդիրների համար լուծումներ մտածելով:

Այսօր, երբ դուք օրվա մեծ մասն անցկացնում եք բջջային հեռախոսների, էլեկտրոնային փոստի կամ սոցիալական ցանցերի միջոցով միմյանց հետ շփվելով, զբոսանքը կօգնի միայնակ մնալ ինքներդ ձեզ հետ, մտորել ձեր առողջության ու խնդիրների մասին։

հասնել հաջողության

Ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսներին: 

Դժվար է հաջողության հասնել, եթե չկարողանաք կարգավորել ձեր ֆինանսները: Վերահսկելով ֆինանսական դրությունը՝ դուք կարող եք ոչ միայն մեծացնել ինքնավստահությունը, այլ նաև ձեզ թույլ տալ օգտվել այնպիսի հնարավորություններից, ինչպիսին, օրինակ, երկրորդ մասնագիտություն ձեռք բերելն է: Բյուջեն կարգավորելու համար կարևոր է իմանալ, թե որտեղից է գալիս ձեր գումարը և ինչպես եք դուք այն ծախսում: Դա կօգնի այն ավելի արդյունավետ վերահսկել։

Միշտ փորձեք խնայողություններ ունենալ: Երբեմն լինում են այնպիսի անցանկալի պատահարներ, վատ իրավիճակներ, որոնք լրացուցիչ գումար են պահանջում, իսկ խնայողություններ ունենալու դեպքում դուք կարող եք հաղթահարել ստեղծված իրավիճակն ու վստահորեն առաջ ընթանալ:

Այսպիսով՝ հետևելով վերոնշյալ խորհուրդներին, ինչպես նաև հավատալով ամերիկացի փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի՝ «յուրաքանչյուր նախագծում կարևորագույն գործոնը հաջողությանը հասնելու հավատն է» խոսքերին՝ կարող եք վստահ լինել, որ հաջողությունը մի օր անպայման կթակի ձեր դուռը: