Other ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՄԱՍԻՆ

September 14, 2018

DESCLAIMER: Սույն հոդվածը զուտ իրավաբանական խորհրդածություն է ու միակ նպատակը Ռոբերտ Քոչարյանի նախագահական անձեռնմխելիությունից փաստացի զրկվելու հանգամանքի իրավական քննարկումն է: Փորձել եմ գրել հնարավորինս պարզ` խուսափելով իրավաբանական տերմիններից: Բոլոր սխալներն իմն են:

Ըստ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) նախագահն անձեռնմխելի է ինչպես նախագահ լինելու ժամանակ, այնպես էլ դրանից հետո: Նախագահն անձեռնմխելի է իր կարգավիճակից (նախագահի) բխող գործողությունների համար: Կա սակայն այդ անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն ու հստակ մեխանիզմ:

Մասնավորապես. երբ նախագահը պաշտոնավարում է, ապա նա կարող է պաշտոնանկ արվել: Պաշտոնանկ նա կարող է արվել եթե կատարել է ծանր հանցագործություն կամ դավաճանել է պետությանը: Ծանր հանցագործություններն ու պետական դավաճանությունը (հոդված 299) սահմանվում են Քրեական օրենսգրքով:

Նախագահին պաշտոնանկ անելու համար ԱԺ-ն (ձայների մեծամասնությամբ) պետք է դիմի ՍԴ ու ստանա կարծիք: ՍԴ կարծիքը եթե հիմքերի մասով դրական է, ապա ԱԺ-ն կրկին քննարկում է հարցն ու որոշում կայացնում պաշտոնանկ անելու կամ չանելու մասին: Պաշտոնանկ անելու համար պետք է ԱԺ պատգամավորների 2/3-ը կողմ քվեարկի:

Այստեղ բանալի են «իր կարգավիճակից բխող» բառերը: Եթե ենթադրաբար կատարված ծանր հանցագործությունը կամ պետական դավաճանությունը կապված են իր կարգավիճակի հետ (կարծում եմ որ կարող են կապված լինել), ապա նա վերևում նշված մեխանիզմով կարող է պաշտոնանկ արվել` կորցնելով իր իմունիտետը:   

Եթե նախագահն իր պաշտոնավարման ընթացքում կատարել է հանցանք (ծանր լինելը պարտադիր չէ), որը կապված չէ իր նախագահ լինելու կարգավիճակի հետ (օրինակ` ուրիշ անձի գույքը դիտավորությամբ փչացրել է), ապա նա կարող քրեական պատասխանատվություն կրել միայն պաշտոնավարման ավարտից հետո:

Ռոբերտ Քոչարյանն այս պահին մեղադրվում է Քրեական օրենսգրի 300.1 հոդվածով: Հոդվածը հանցագործություն է համարում Սահմանադրական կարգը տապալելը` «Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ:»

Կրկին, բանալի են «իր կարգավիճակից բխող» բառերը: Արդյո՞ք նախագահ Քոչարյանը Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի ենթադրաբար վերացրել է ելնելով իր նախագահի կարգավիճակից, թե՞ նա այն ենթադրաբար արել է որպես շարքային քաղաքացի:

Ծանոթ չլինելով մեղադրանքի տեքստին, պետք է ենթադրեմ, որ մեղադրողի պնդումները կառուցված են ու կապված են Քոչարյանի, որպես նախագահ կարգավիճակի հետ: Եթե նա հրամանագիր կամ կարգադրություն է արձակել, ապա արձակել է որպես նախագահ: Եթե հանձնարարել է, ապա հանձնարարել է որպես նախագահ (ի վերջո ո՞ր բարձրաստիճան պաշտոնյան կկատարեր նախագահ չհանդիսացողի հանձնարարականը):

Եթե Քոչարյանը նախագահ լիներ, ապա Սահմանադրությունը հնարավորություն էր տալիս վերոհիշյալ մեխանիզմով պաշտոնանկ անել իրեն (Սահմանադրական կարգը տապալելը ծանր հանցագործություն է): Այժմ Քոչարյանը նախագահ չէ: Որքան վերլուծում եմ, Սահմանադրությունը չի նախատեսում չպաշտոնավորող նախագահին «իր կարգավիճակից բխող» հանցավոր արարքի համար նախագահական իմունիտետից զրկելու որևե ընթացակարգ: Չկա: Եթե չկա, ապա Հատուկ Քննչական Ծարայության քննիչը փաստացի զրկել է Ռոբերտ Քոչարյանին նախագահական իմունիտետից: Առաջին ատյանի դատարանն էլ «վավերացրել» է զրկումը:  

Իմ կողմից շատ հարգված, տասնամյակների ընկեր, փորձառու փաստաբան ու սահմանադրագետ Վահե Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում հղում տվեց Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:» Քրեական օրենսգրքում կա այդպիսի հոդված: Հոդված 300-ը, համաձայն որի (ներեցեք ցիտատի համար, բայց պետք է) «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը»: Ինչպես տեսնում եք, սա նույնպես կիրառելի չէ Քոչարյանի համար (չի էլ մեղադրվում այս հոդվածով), քանզի նա 2008 թվականի ձմռան ու գարնան հայտնի ամիսներին փաստացի չի տիրացել Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին, քանզի տվյալ պահին նա նախագահ էր: 

Որպես վերջաբան կրկնում եմ. այս հոդվածը միտված չէ որևե անձի կամ կողմի պաշտպանությանը, մեղադրելուն կամ պախարակելուն: Այն անձնական, զուտ իրավաբանական խոկմունք է:

Հեղինակ՝ Varoujan Avedikia