Other Ջրամանից դուրս թռնելու ժամանակը

Ջրամանից դուրս թռնելու ժամանակը

July 5, 2018

Այսօր Սահմանադրության օրն է: Չասեմ շնորհավոր: Շնորհավորելու շատ բան չկա: Հայաստանի շատ հպարտ և ոչ այնքան քաղաքացիների մեծ մասը չի կարդացել այդ փաստաթուղթը և ոչ էլ ցանկություն ունի: Իմաստ չկա: Գիտեմ «պոլիտ կոռեկտ» չեմ ու ոչ էլ ուզում եմ լինել: Վերջիվերջո սա բլոգ է ու ոչ գիտական հոդված: Գիտական հոդված գրողները շատ են ու սահմանադրագետ: Ես չեմ, բայց զգում եմ (նույնիսկ երազում), որ եկել է ջրամանից թռնելու ժամանակը:

Երկար ու բարակ չեմ քննարկի թե ինչ բեկումնային դեր է ունեցել Սահմանադրությունը հայոց պետականության կերտման գործում: Դա ինձնից հազար անգամ ավելի լավ անողներ կան: Փոխարենը բարձրաձայն կմտորեմ թե ինչ բեկումնային փոփոխություններ մենք պետք է անենք (հուսով եմ մոտ ապագայում), ջրամանից դուրս թռնելու ու իսկական նոր Հայաստան կերտելու համար:

Քանի գրածներս ընդամենը բարձրաձայն մտորումներ են, չունեն կարևորության հերթականություն:

1.Պետական ապարատի և հիմնականում գործադիրի դերը սովորական և ոչ այնքան հայ մարդու կյանքում չափազանց մեծ է: Նույնիսկ տեքստային արումով Սահմանադրության 60%-ը պետության ու նրա մարմիններին է նվիրված: Հայաստանում աշխատողների կեսը աշխատում է պետության, իսկ մյուս կեսը մասնավորի համար: Կեսը պահում է մյուս կեսին: Հասկացաք ով ում: Համարյա երեք տասնամյակ «պահող» կեսը տոլեռանտ է եղել, որ «պահվող» կեսը ստանա ցածր աշխատավարձ ու թաթախված լինի կոռուպցիայի մեջ: Ներեցեք, բայց դրա համար հիվանդություն կա: Շիզոֆրենիա: Վերջերս լրագրողներից մեկը սոցիալական ցանցի իր էջում առաջարկել էր, որ նախարարը պետք է ստանա 1.5 միլիոն դրամ աշխատավարձ: Կարծում եմ, որ եթե ինչ որ մեկը համաձայն է Հայաստանում 1.5 միլիոն դրամով նախարար աշխատել, ապա պետք է գործի չընդունել:

Տարիներ շարունակ մենք ստեղծել ենք պետական մարմիններ` ուռճացնելով «պահվողների» բանակը: Քանի՞ դրամի օգուտ/վնաս են բերել այդ մարմինները, հայտնի չէ: Հաշվարկված չէ:

Մասնավոր գործատուներին շատացնելը պետք է դառնա գերնպատակ: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է առավոտյան զարթնի ու երազի բիզնես ստեղծելու կամ ստեղծածը զարգացնելու կամ ուրիշի ստեղծածը հզորացնելու մասին: Գիտեմ, որ կան ոմանք, որ երազում են հանրային բարիք ստեղծելու մասին: Այ միայն այդ երազողները պետք է հայտնվեն պետական ապարատում:

Պետությունը պետք է սահմանափակվի միայն պաշտպանությամբ, հասարակական կարգի պահպանմամբ ու ենթակառուցվածքների (լայն իմաստով) ձևավորմամբ ու պահպանմամբ: Ծառայությունները պետության խելքի բանը չեն:

2. Դատարանները: Չէ լուրջ, մեր ինչի՞ն է պետք ունենալ 4 ատյանի դատարան (ՍԴ-ն էլ հետը), գլխին Բարձրագույն Դատական Խուրհուրդ, մի հատ էլ դեպարտամենտ: Ու սա այն դեպքում, երբ նույնիսկ Թումանյանը իր «Շունն ու կատուն» հեքիաթով է ապացուցել, որ մեր դատարանները (այն ժամանակ դիվանբաշի էին կոչվում) հարց լուծող տղերք չէին: Որ այդպիսին լինեին, մինչև հիմա շունն ու կատուն կռիվ կանեի՞ն: Ես Սահմանադրության 162-րդ հոդվածը կգրեի այսպես. «Հայաստանի Հանրապետությունում դատարանը պարտավոր է հարց լուծել»: Հիմա կարդացողներին հարց եմ տալիս. քանի՞ տոկոս համոզվածություն ունեք, որ եթե խնդիր ունենաք ու դիմեք դատարան Ձեր հարցը կլուծվի: Հանճարեղ իրավաբան ու փիլիսոփա Վլադիմիր Ռուբենիչը պատմում էր, որ երբ մի անգամ մի գյուղացի դիմեց իրեն ու խորհուրդ հարցրեց թե ինչպես լուծի իր վեճը հարևանի հետ, «Դատարան դիմի» պատասխանը լսելով ասեց. «Էէէհ, Ռուբենիչ ջան, ես էլ գիտեի խելոք մարդ ես»: Այդ գյուղացու հիասթափությունն արտացոլում է մեր ազգի վերաբերմունքը իրեն «ծառայող» դատարանի նկատմամբ:

Առաջա՞րկս: Ունենալ երկու ատյանի դատարան, որից առաջին ատյանը իրականում հարց կլուծի ու իր կայացրած վճռից արդարության հոտ կգա: Երկրորդ ատյանը կարելի է պահել բացառիկ դեպքերի համար: Դատավորնե՞րը: Կայացած դատական համակարգերից ներմուծել դատավորներ, որոնք իրենց հետ կներմուծեն իրական անկախություն ու միայն արդարությանը ծառայելու մշակույթ:

3. Ասում ենք սփյուռքի ներուժ: Ասում ենք, ու միևնույն ժամանակ սահմանափակում սփյուռքահայերին Հայաստանում զբաղեցնել կարևոր պաշտոններ` նույնիսկ եթե երկքաղաքացի են: Իսկապե՞ս: ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացի հանդիսացող աշխարհահռչակ տնտեսագետ Ստենլի Ֆիշերը 2005-2013 թվականներին ղեկավարեց Իսրայելի կենտրոնական բանկը: Իր իմաստուն ղեկավարման շնորհիվ Իսրայելի կենտրոնական բանկը 2010 թվականին ճանաչվեծ արդյունավետ կառավարման գծով լավագույն կենտրոնական բանկը: Վա՞տ եղավ Իսրայելի համար: Բացարցակապես:

Յուրաքանչյուր հայ հենց սահմանին պետք է իրավունք ունենա ստանալ քաղաքացիություն ու ամենաբարձր պաշտոններում անգամ ծառայել իր հայրենիքին:

4. Սահմանադրության 11-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է: Երբ նախագծի քննարկումներից մեկի ընթացքում հեղինակներից մեկին հարցրեցի թե ինչ է սոցիալական շուկայական տնտեսությունը, պատասխանեց, որ չգիտի: Ինքը տնտեսագետ չի: Պատկերացնում եք չէ՞: Մարդը գրել Սահմանադրության ամենակարևոր նորմերից մեկը, չիմանալով ինչ է դա: Եթե հետաքրքրում է, ասեմ, որ սոցիալական շուկայական տնտեսությունը կամ գերմաներենով soziale Marktwirtschaft, ծագում է տնտեսագիտության Ֆրայբուրգյան դպրոցից ու 1949 թվականին առաջարկվել է Կանցլեր Ադենաուրի կողմից` որպես «3-րդ ճանապարհ»: Այն ենթադրում է պետության կողմից տնտեսության կոորդինացում: Հիմա մոտս հարց է ծագում թե ինչպե՞ս կարող է գերմանական տնտեսական մոդելը, որի ակունքները բխում են ուժեղ պետական ինստիտուտներից ու Կաթոլիկ եկեղեցու ուսմունքներից կիրառելի լինեն հայ հանրության համար: Մենք, որ հպարտանում ենք, որ առաջին ազգն ենք, որը քրիստոնեությունը պետական կրոն է ճանաչել, որ գործունյա ու գործարար է, որ ստեղծագործ ու արհեստագործ է, վերցնում ու սահմանադրորեն գերմանական տնտեսական մոդելը դարձնում մեր տնտեսության հիմքը:

Մենք դարեր ի վեր երազել ենք ազատություն: Մենք ազատության տենչող ազգ ենք: Մեր եկեղեցին քրիստոնեական եկեղեցիներից ամենաժողովրդավարն է: Մեր տնտեսական մոդելը պետք է լինի ազատ շուկայական մոդելը: Իսկապես ազատ: Տեսանք թե անցնող երեք տասնամյակների ընթացքում պետական միջամտությունն ու ուղղորդումը ինչի հանգեցրեց ու մրցունակության տեսանկյունից աշխարհում որ հորիզոնականում ենք (73-րդ):

Ես հետևյալ դրույթը կսահմանեի Սահմանադրության մեջ. «Պետության գերխնդիրն է պայմաններ ստեղծել, որ յուրաքանչյուր ոք օրինական ճանապարհով հարստանա:»

5. Ցաք ու ցրիվ մտքերս եզրափակեմ կրթության մասին մի քանի բառ ասելով:Կրթական համակարգը հիմնովին բարեփոխելն ու այն անվճար առաջարկելը Հայաստանի բոլոր քաղաքացիներին կարծում եմ կդառնա մեր տնտեսական, քաղաքական, սոցիալական ու մշակութային ցատկի երաշխիքը: Կրթական համակարգը ամենակարևոր ենթակառուցվածքներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Առաջնակարգ կրթված հայը պետք է դառնա հիմնական ստանդարտը` անկախ թե նա ինժիներ է թե փականագործ: Կրթությունում ներդրումը պետք է ՀՆԱ-ում քառապատկվի հասնելով 8-10%-ի:

Ու վերջում, խնդրում եմ, հաջորդ անգամ միայն իրավագետներին մի վստահեք սահմանադրություն գրել (որպես ներսի մարդ եմ ասում): Երազող հեղինակներ ներգրավվեք:

Հեղինակ՝ Varoujan Avedikian