Other CASH IS KING RIGHT? WRONG!

CASH IS KING RIGHT? WRONG!

July 16, 2018

«Ներեցեք, մի բան հարցնեմ հա՞: Դուք ինչու՞ եք ամեն անգամ առևտուր անելիս քարտով վճարում» հարցնում է դրամարկղի աշխատակացուհին: Քանի որ դրսում անտանելի շոգ է ու զգում եմ թե ուղեղս ինչպես է կամացուկ հալվում, պատասխանում եմ կարճ. «Որ Էդոն հարկերը վճարի»: Էդոն խանութպանն է: Աշխատակցուհու հարցը սակայն հետաքրքրությունս բորբոքում է ու տալիս եմ հակընդեմ հարցը. «Ձեր դուրը չի՞ գալիս երբ քարտով եմ վճարում»: «Էտքան էլ չէ: ՊՈՍ-ը դանդաղ ա աշխատում, բանկի աշխատող Խչոն խափում չի գալիս տերմինալը ստուգի, կապը մեկ-մեկ կտրվում ա, հերթ ա գոյանում, կլիենտները բողոքում են, Էդոն վրես խոսում ա ու վապշե շոգ ա»: Ահա այսպիսի մանրամասնորեն բացատրություն եմ ստանում թե իրականում ինչ վիճակ է տիրում հայաստանյան քարտային վճարումների համակարգում: Հասկանում ե՞ք: Էդոն ոչ ուզում է հարկ վճարի ու ոչ էլ, որ իր դրամարկղում հերթեր գոյանան: 

Քանի որ օրեր առաջ ընկերս, menu.am-ի անխոնջ առաջնորդ Վահան Քերոբյանը օրեր առաջ Facebook– ում մի փոթորկանման գրառում էր կատարել Հայաստանում անկանխիկ վճարումների մասին, ասեցի. let me take a crack at it.

Մտածում եմ լավ կլինի մտքերս զետեղեմ երեք զամբյուղների մեջ, որպեսզի Էդոյի ու նրա դրամարկղի աշխատակցուհու օրը չընկնեմ: Զամբյուղներս են. քաղաքականության, օրենսդրական ու ինստիտուցիոնալ փոփոխություններ:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մանրածախ առևտրի ու ծառայությունների բնագավառում անկանխիկ վճարումները զարգացնելն ու տարածելը պետք է դառնա պետական քաղաքականություն: Դուք ճիշտ կռահեցիք. ցայսօր նման ամրագրված քաղաքականություն Հայաստանում առկա չէ: Իհարկե որպես Կենտրոնական բանկի նպատակ օրենքով ամրագրված է «գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը», բայց մանրածախ առևտրի ու ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումները Հայաստանի վճարահաշվարկային համակարգի բավականին փոքր մասն են կազմում:

1998 թավականից աշխատելով Կենտրոնական բանկում ծանոթ եմ գրեթե բոլոր այն նախաձեռնություններին ու ծրագրերին, որոնք ուղղված են եղել անկանխիկ վճարումների համակարգի զարգացմանը: Դրանցից ամենակարևորը իհարկե պետական-մասնավոր համագործակցության հիման վրա ARCA-ի ստեղծումն էր 2000-ականների սկզբերին: Այստեղ նույնիսկ կարելի է մի քիչ գլուխ գովալ ու ասել, որ ARCA-ն ԱՊՀ տարածքում առաջիններից էր, ու նույնիսկ մեր ռուս գործընկերները ամերիկյան պատժամիջոցներից հետո մեզնից ահագին բան սովորեցին լոկալ պրոցեսինգային կենտրոն ստեղծելու հարցում: Բայց դա քիչ է: Շատ քիչ:

2. Մանրածախ առևտրի ու ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումները առաջիկա գոնե հինգ տարիների համար հարկային առումով պետք է առավելություն ունենան կանխիկ վճարումների նկատմամբ: Հարկային առավելությունը պետք է գործի այնպես, որ քաջալերի վաճառողներին անկանխիկ վճարումներ ընդունել, իսկ գնորդներին` անկանխիկ վճարել:

3. Քարտային վճարումները նախնադար են: Պետք է ժամանակային ու քանակական թիրախներ սահմանել Հայաստանում արդի անկանխիկ վճարումների ընդունման համար (էլեկտրոնային դրամապանակներով, Near Field Communication տեխնոլոգիաներով, և այլ):

4. Զեղծարարության ապահովագրություն: Կարծում եմ սա այն է, ինչը կարող է մեր ամերիկացի եղբայրների ասած «make it or break it» անել Հայաստանում անկանխիկ վճարումների համակարգը: Ոմանք կասեն, որ թող ամեն մի քարտային գործիքի թողարկող ինքը գնի զեղծարարության ապահովագրություն իր թողարկած գործիքների համար: Տեսականորեն հնարավոր է, ոմանք անում են, այնուամենայնիվ դա չափազանզ թանկ է, ոչ ստանդարտացված ու ոչ արդյունավետ: Կարծում եմ հարկավոր է կոնսոլիդացնել ռեսուրսները և առաջիկա գոնե հինգ տարիներին ամբողջ համակարգի համար գնել անկանխիկ վճարումների զեղծարարության ապահովագրություն: Դա հնարավորություն կտա ստանդարտացնել ամբողջ համակարգի back-office և front-officeգործընթացները, ներդնել միասնական ու հուսալի ՏՏ համակարգեր, նվազեցնել ապահովագրության գինը, ինչն իհարկե դրական է անդրադառնալու վերջնական սպառողի կատարած ծախսերի վրա:

5. Ակնհայտ է, որ բազմաթիվ սկսնակ ու մանր և փոքր ձեռնարկատերեր (retailer) ֆինանսական հնարավորություն չունեն ձեռք բերել անկանխիկ վճարումների տերմինալներ: Ֆինանսական միջոցների սղությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա վճարային տերմինալ ձեռք բերելու համար: Յուրաքանչյուր սկսնակ կամ մանր ու փոքր ձեռնարկատեր պետք է հնարավորություն ունենա հանրային ֆինանսավորմամբ ձեռք բերել արդի վճարային տերմինալ: Հանրային ֆինանսավորման ֆոնդը կարող է ձևավորվել օրինակ Բանկերի միության ներքո: 

6. Հայաստանում վարկային քարտերը տարանջատված չեն դեպետային քարտերից: Սա անելը չափազանց կարևոր է բազմաթիվ առումներով (քարտային զեղծարարությունների կանխարգելում, սպառողի կողմից վարկային գծի վերահսկողություն, ինտերնետ միջավայրում վճարումների պաշտպանություն, և այլն):

7. Հանրային սնունդի բնագավառում չափազանց կարևոր է, որ քարտատերերը հնարավորություն ունենան թեյավճարը քարտով վճարել, ինչպես նաև պատվերի հաշիվը մասնատել ու մի մասի համար վճարել (խմբային պատվերի ժամանակ յուրաքանչյուր հաճախորդ կարողանա իր մասի համար քարտով վճարել):

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Օրենքով որևե անկանխիկ վճարման կտրոն (այդ թվում էլեկտրոնային) պետք է ճանաչվի ծախս հիմնավորող փաստաթուղթ:

2. Օրենսդրությամբ պետք է սահմանվի, որ յուրաքանչյուր պետական, համայնքային, հանրային (ծառայություններ) ու կվազի-պետական (կրթական, առողջապահական) ծառայության դիմաց վճարում կատարելը հնարավոր է քարտային վճարմամբ կամ էլեկտրոնային քսակի միջոցով: Պետական մի շարք հիմնարկներում տեղադրված վճարային տերմինալները հաշիվ չեն, քանի որ դրանք ընդամենը կանխիկի ընդունման կետեր են:

3. Հարկային օրենսգրքով պետք է սահմանվի նվազ հարկային դրույքաչափ (ԱԱՀ և շրջանառության հարկ) ձեռնարկատերերի անկանխիկ շրջանառության նկատմամբ: Սա նաև կխթանի հայկական Amazon-ի ստեղծմանն ու զարգացմանը:

4. Որոշ բանկեր իրենց կողմից թողարկված որոշ քարտերի վրա առաջարկում են cash-back: Սա պետք է օրենքի ուժով դարձնել համակարգային: Յուրաքանչյուր անձ, ով Հայաստանում ֆիզիկապես կամ առցանց ռեժիմում Հայաստանից գնում է կատարում, պետք է ստանա cash-back: Ինչպե՞ս: Ներդնելով անկանխիկ վճարումների հաշվառման ու գործարքից գանձվող հարկի հաշվարկման միասնական համակարգ, որը հարկի օրենքով սահմանված չափը cash-back կանի քարտատիրոջը կամ էլեկտրոնային քսակի սեփականատիրոջը: Սա կարելի է սկսել առցանց առևտրից` հետագայում տարածելով նաև էլեկտրոնային առևտրի վրա: Պատկերացնում եմ մեր եվրասիական քույրերի ու եղբայրների ոգևորությունը հայաստանյան առցանց խանութներից գնումներ կատարելիս:  

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պետք է ձևավորվի Հայաստանում մանրածախ առևտրի ու ծառայությունների բնագավառում անկանխիկ վճարումների զարգացման խորհուրդ (խորհրդի միտքը Վահանինն է)` մասնավոր-պետական-համայնքային սկզբունքի հիման վրա (PPP): Կարևոր է, որ այս խորհրդում ներառված լինեն բոլոր շահակիցները (stakeholders), իսկ դրանք շատ են ու բազմապիսի: Խորհրդում պետք է ներառված լինեն Ֆինանսների, Էկոնոմիկայի, ՏԿՏՏ նախարարությունների, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Բիզնես համայնքի (տարբեր խմբերից` start-up, ՓՄՁ, խոշոր մանարածախ ձեռնարկություններ), տելեկոմ ընկերությունների, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, ՏՏ համայնքի, ինչպես խոշոր, այնպես էլ փոքր համայնքների (տուրիստական կենտրոններինը, ինչպիսիք են Դիլիջանը, Ջերմուկը, Ծաղկաձորը, Աղվերանը և այլն պարտադիր են) ներկայացուցիչներ:

Այս խորհրդի գործունեության նպատակը պետք է լինի.

  1. գեներացնել բոլոր շահակիցների առաջարկությունները, ցանկություններն ու մտահոգությունները. 
  2. մշակել ու ընդունել Հայաստանում անկանխիկ վճարումների զարգացման քաղաքականությունը.
  3. մշակել ու Կառավարությանը ներկայացնել անհրաժեշտ օրենսդրական ակտերը.
  4. հետևել ընդունված քաղաքականության ու օրենսդրության իրագործմանը.
  5. վարել անհրաժեշտ վիճակագրությունը ու հասարակության առջև հանդես գալ պարբերաբար հաշվետվություններով:   

Ամփոփելով մտքերս, ասեմ որ բազմաթիվ անգամներ եմ իրավացի բողոքներ լսել Հայաստանում PayPal-ի բացակայության, ինչպես նաև քարտային վճարումների համար բանկերի կողմից բիզնեսներից գանձվող բարձր միջնորդավճարների մասին: PayPal-ը Հայաստանում չի հայտնվում քանի որ business case չկա (բազմիցս է խոսակցություն եղել նրանց հետ): Եվ իրականում չկա: Երկու բան է պետք անել. business case ստեղծել (վերոգրյալներն էլ այդ business case-ի ստեղծմանն են ուղղված) ու PayPal-ում հարց լուծող հայեր ճարել: Միջնորդավճարներն իրենք իրենց (լավ մի փոքր էլ կողքից ջանասիրաբար քաջալերելով) կնվազեն եթե այս ոլորտում իրական բարեփոխումներ ու կոնսոլիդացումներ լինեն: 

Հեղինակ՝ Varoujan Avedikian